
Հայաստանը և ՌԴ-ն կհամագործակցեն շինարարության ոլորտում
22.02.2018Ռուսաստանի շինարարության նախարարության և Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի միջև ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ստորագրվել է շինարարության ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիր:
Փաստաթուղթն ստորագրել են Ռուսաստանի շինարարության փոխնախարար Խամիտ Մավլիարովը և ՀՀ քաղաքաշինության պետակա կոմիտեի փոխնախագահ Արմեն Ղուլարյանը:
2018-2019թթ. նախատեսվող երկկողմ համագործակցության շրջանակում, որը նախապես հավանության էր արժանացել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության շինարարության և բնակարանային կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենի կողմից, կողմերը տեղեկատվության և փորձի փոխանակում կիրականացնեն շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման, շինարարության բնագավառի նորմերի և պահանջների մշակման, նախագծման և շահագործման հարցերի, ինչպես նաև հողօգտագործման համակարգերի և տարածքների ֆունկցիոնալ գոտիավորման շուրջ:
Բացի այդ, նախատեսվում է որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում շինարարության նոր եղանակների և բնակարանային տնտեսության բնագավառի մասնագետների համար, համաժողովների և խորհրդաժողովների կազմակերպում և անցկացում Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում: